Ֆրիլանս աշխատանքի առավելություններն ու թերությունները

Մեր օրերում շատերն են անցել ֆրիլանս աշխատանքի՝ օգտագործելով տարբեր մասնագիտացված վեբ-կայքեր (www.upwork.com, www.feelancer.com և այլ): Նման կայքերում կարելի է աշխատանք գտնել գրեթե բոլոր ոլորտներում, հատկապես՝ ծրագրավորում, դիզայն, մարքեթինգ, հետազոտություններ: Իհարկե ֆրիլանս աշխատանքն ունի իր առավելությունները և թերությունները, և որոշման մեջ էական դեր է խաղում մարդու խառնվածքն ու նախընտրությունները:  


Առավելություններ`

  1. Ազատ գրաֆիկ: Սա կարևոր է, եթե Դուք դժվարանում եք արթնանալ առավոտյան ժամը 7:00-ին կամ ունեք մանկահասակ երեխաներ: Շատ ֆրիլանս աշխատողներ արթնանում են ժամը 12:00–ին կամ 13:00–ին և աշխատում են մինչև ուշ երեկո:
  2. Գումարի և ժամանակի տնտեսում: Դուք ճանապահների վրա ավելորդ ժամանակ չեք ծախսում, ստիպված չեք լինում կանգառում երկար սպասել Ձեր երթուղայինին և կանգնած երթևեկել, բացի այդ տնտեսում եք ճանապարհածախսի և գրասենյակային հագուստի գումարը:
  3. Ավելի բարձր շահույթ: Ֆրիլանս աշխատանքը միջինում 1.5 անգամ ավելի շատ գումար է ապահովում, քան գրասենյակային աշխատանքը: Կան քաղաքներ, որտեղ պարզապես չկա կամ շատ դժվար է գտնել աշխատանք մասնագիտությամբ, այսպիսի դեպքերում օգնության է հասնում համացանցը:
  4. Կայունություն, մշտական հաճախորդների առկայության դեպքում: Երբ Դուք աշխատում եք գրասենյակում, Դուք ունեք միայն մեկ հաճախորդ` գործատուն: Եթե ընկերության հետ որևէ բան տեղի ունենա, Դուք կկորցնեք միակ եկամտի աղբյուրը: Ֆրիլանս աշխատանքի դեպքում Դուք կարող եք ունենալ տասնյակ հաճախորդներ և մեկ հաճախորդի կորուստը խնդիր չէ:
  5. Ազատության զգացողություն: Չկա ղեկավար, չկա գրասենյակային հագուստի խնդիր, չկան կորպորատիվ չափորոշիչներ և այլն, և այլն… Այսպիսով շատերը ընտրում են ֆրիլանս աշխատանքը, քանի որ իրենց հարմարավետ չէ աշխատել գրասենյակում:
  6. Ֆրիլանսը հնարավորություն է տալիս աշխատել մասնագիտությամբ այն բնակավայրերում, որոնք խիտ բնակեցված չեն և որտեղ Ձեր մասնագիտության նկատմամբ պահանջարկը մինիմալ է:
  7. Մի շարք ֆրիլանս աշխատակիցներ նշում են, որ ֆրիլանս աշխատելը ավելի հարմարավետ է և հանգիստ: Գրասենյակում կարող են շեղել տարատեսակ հավաքներով և ժողովներով:
  8. Կարելի է աշխատել և ճանապարհորդել միաժամանակ, ձմռանը մեկնել այլ երկիր: Ի վերջո հաճախորդներին միևնույն է, որտեղ եք աշխատում, կարևորը արդյունքներն են և ժամկետները:
  9. Ֆրիլանսը կարող է լինել առաջին քայլը սեփական գործը սկսելու համար:

 

Թերություններ`

  1. Ամեն ինչ Ձեր հաշվին: Նոր համակարգչի գնումը, աշխատավայրի կահավորումը, վերապատրաստումները, ամեն ինչի համար պետք է վճարել:
  2. Անհրաժեշտ է վաճառել Ձեր ծառայությունները: Ոչ բոլորն են սիրում վաճառքով զբաղվել, բայց ֆրիլանս աշխատանքի դեպքում անհրաժեշտ է մասնակցել մրցույթների, պայքարել մրցակիցների հետ, շփվել հաճախորդների հետ: Եթե վաճառքը Ձեզ ընդհանրապես դուր չի գալիս, փորձեք գտնել մենեջեր, ով կհայթայթի Ձեզ համար տարբեր ծրագրեր:
  3. Սոցիալական աջակցության բացակայություն: Հիվանդանալու դեպքում, վճարում եք ինքներդ, արձակուրդայինի համար չեք վարձատրվում: Նմանատիպ գրասենյակային առավելություննեը մնում են անցյալում:
  4. Կորպորատիվ մշակույթի բացակայություն: Ձեր «ընկերությունում» Դուք միայնակ եք, չունեք գործընկերներ և շփում նրանց հետ: Որոշ մարդկանց համար այս փաստը կարող է անտանելի և ձանձրալի թվալ: Շատերը սիրում են լինել աշխատանքային ակտիվ միջավայրում, կրել աշխատանքային հագուստ (ոչ գիշերազգեստ 🙂 ), աշխատանքային ընկերեր ձեռք բերել, շփվել նրանց հետ, և վերջիվերջո ում հետ եք անցկացնելու Ամանորյա կոպորատիվ միջոցառումը:
  5. Աշխատանքային վայր: Հաճախ տանը դժվար է գտնել աշխատելու համար համապատասխան վայր, որտեղ Ձեզ չեն անհանգստացնի և շեղի: Սակայն ավելի բարձր եկամուտները կարող են մեծացնել Ձեր բնակարանի տարածքները, ինչը հնարավորություն կտա ստեղծել սեփական աշխատանքային անկյուն:
  6. Հարազատները չեն հասկանում Ձեզ: Շատերը կարող են չհասկանալ, որ Դուք աշխատում եք տանը, կարող են մտածել, որ ալարկոտ եք և ոչնչով չեք զբաղվում: