Ինչպես հասնել հաջողության կարիերայում

Շատ շատերն ունեն խնդիրներ աշխատավայրում ու անվերջ իրենք իրենց կարող են տալ նույն հարցը՝ Ինչպե՞ս հասնեմ հաջողության իմ կարիերայում: Մարդկանց մեծամասնությանը թվում է, թե կան հատուկ նշանակված գործիքներ, որոնք օգտագործելով կհասնեն հաջողության: Դա այդքան էլ այդպես չէ: Ընդամենը կան մի քանի խորհուրդներ, որոնց հետևելով և դրանցով առաջնորդվելով Ձեր աշխատանքային միջավայրը Ձեր համար կդառնա ավելի հաճելի, ինչն էլ կնպաստի աշխատանքի մեջ հաջողությունների հասնելուն:

Կարողացեք ընդունել քննադատությունները

Յուրաքանչյուր աշխատանքի մեջ լինում են քննադատություններ, դրանցից խուսափելը ինչ որ չափով նույնիսկ անհնարին է: Սակայն պետք չէ ամեն քննադատություն ընդունել որպես անձնական վիրավորանք: Պետք է ընդունել այն փաստը, որ ցանկացած քննադատություն ինչ որ չափով ճշմարտություն է պարունակում: Ի վերջո, մենք սովորում ենք մեր սխալների վրա և կարելի է փորձել այդ քննադատություններից դասեր քաղել:

Սիրեք Ձեր աշխատանքը

Դուք աշխատում եք ինքներդ Ձեր համար և շատ կարևոր է, որ սիրեք այն, ինչ անում եք: Եթե աշխատանքը կատարում եք սիրով և այն Ձեզ հաճելի է, Դուք այն երբեք չեք ընդունի որպես պարտադրանք, կստեղծեք նոր գաղափարներ և կկարողանաք լինել ավելի ստեղծագործ:

Ինքնավստահություն

Հաճախ ինքնավստահության պակասը շատ է խանգարում արդյունավետ աշխատելուն: Եթե Դուք ինքներդ վստահ չեք, որ Ձեր աշխատանքը արդյունավետ արդյունք է ունենալու ընկերության համար, ապա Ձեր ղեկավարը նույնպես այդպես է կարծելու: Ձեր նվիրվածությունը Ձեր գործատուին վաղ թե ուշ կարող է Ձեզ թվալ չգնահատված:

Երբեք մի փորձեք համեմատվել մյուսների հետ

Մյուսների հետ համեմատվելիս Դուք անդադար փորձում եք համեմատել Ձեր աշխատելաոճը և այլոցը: Իհարկե դրա արդյունքում, միշտ թվում է, որ Դուք ամեն ինչ սխալ եք անում և պետք է շարժվել այնպես, ինչպես ուրիշներն են անում: Այդպես Դուք իջեցնում եք Ձեր ինքնագնահատականը: Բայց պետք է միշտ հիշել, որ յուրաքանչյուր ոք ունի իր յուրահատուկ տաղանդը, ընդունակությունները, գաղափարները և պետք է ունենալ հաջողության սեփական ճանապարհը։