Թվային մարքեթինգի մասնագետների պահանջարկը Գյումրի քաղաքում թվերով

 Թվային մարքեթինգի զարգացումը 1990-ական թվականներից ի վեր փոխել է բիզնեսում կիրառվող մարքեթինգային տեխնոլոգիաները: Դժվար է պատկերացնել որևէ ընկերություն, որը դեռևս իր ապրանքների ու ծառայությունների առաջխաղացումը չի իրականացնում համացանցում՝ թվային մարքեթինգի միջոցով:

 Ըստ Mondo-ի[1] թվային մարքեթինգի մասնագետների պահանջարկը 2018 թվականին կաճի 38%-ով: 2020 թվականին այս ոլորտում կանխատեսվում է թվով 150 000 աշխատատեղ, և սա այն դեպքում, երբ չկան բավարար թվով մասնագետներ այս հաստիքի համար:

 Հայաստանյան շուկան ևս բացառություն չէ: Թվային մարքեթինգի մասնագետների պահաջարկը գնալով աճում է Երևանում, իսկ վերջին ժամանակահատվածում՝ նաև մարզերում:

 Թվային Մարքեթինգի Մասնագետների պահանջարկի գնահատման նպատակով «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը իրականացրել է հետազոտություն Գյումրի քաղաքում՝ նպատակ ունենալով պարզել.

  • թվային մարքեթինգի արդյունավետության ներկայիս մակարդակը ընտրված թիրախային խմբերը ներկայացնող ընկերություններում
  • թիրախային խմբերը ներկայացնող ընկերությունների, որ մասն է պատրաստ աշխատանքի ընդունել որակավորված թվային մարքեթինգի մասնագետի

 Հետազոտությունն իրականացվել է Գյումրի քաղաքում գործող տարբեր ոլորտների 70 ընկերություններում (հյուրանոց, ռեստորան, տորիստական գործակալություն, հարսանյաց, ծաղկի, գեղեցկության սրահներ և այլն):

  Թվային մարքեթինգի արդյունավետությունը Գյումրիում

 Հետազոտություների արդյունքները ցույց են տալիս, որ հետազոտություներին ներգրավված ընկերություններից ընդամենը 44%-ը ունեն վեբկայք, որոնց գերակշիռ մասը լի են մի շարք թերություններով և ունեն ցածր արդյունավետություն: Թերություններով լի է նաև կայքերի օպտիմալացումը որոնողական համակարգերում: Թիրախային ընկերությունների մեծ մասը՝ 60%-ը ունեն էջ Facebook սոցիալական հարթակում, սակայն նշված էջերից գրեթե ոչ մեկը չի համապատասխանում Facebook-ում ներկայացված էջի արդյունավետության չափանիշներին: Հատկանշական է նաև, որ մի շարք ընկերություններ ներկայացված չեն կամ թերի են ներկայացված ոլորտի ամենից արդիական կայքերում կամ Google-ի բիզնես էջերում (Google My Business): Մասնավորապես՝ մի շարք հյուրանոցներ և ռեստորաններ ներկայացված չեն հյուրընկալության ոլորտի ամենից կարևոր կայքերից մեկում՝ Tripadvisor.com-ում: Կան հյուրանոցներ, որոնք ներկայացված չեն նույնիսկ Booking.com կայքում:

 Թվային մարքեթինգի նման մակարդակը դանդաղեցնում է Գյումրի քաղաքում ընկերությունների զարգացումը ու ընդլայնումը: Հատկապես տուրիստական ոլորտը ներկայացնող ընկերությունների (հյուրանոցներ, ռեստորաններ, տուրիստական գործակալություններ) պարագայում թվային մարքեթինգը կարող է շեշտակիորեն նպաստել գործունեության արդյունավետության բարձրացմանը:

  Թվային մարքեթինգի մասնագետների պահանջարկը Գյումրի քաղաքում

 Հետազոտության արդյունքները փաստում են այն մասին, որ հարցմանը մասնակցած ընկերությունների մեծ մասը հետաքրքրված են Թվային մարքեթինգի առկա մասնագետին վերապատրաստելու կամ/և նոր մասնագետ աշխատանքի ընդունելու:
Հարցմանը մասնակցած ընկերություններից միայն 22-ում է առկա եղել թվային մարքեթինգի մասնագետ կամ վերջինիս ֆունկցիաներն իրականացնող աշխատակից: Նույնիսկ նշված 22 ընկերություններից 14-ում նշել են, որ կցանկանային իրենց մասնագետին ուղարկել վերապատրաստման և խնդրել են նման հնարավորության առկայության դեպքում տեղեկացնել:

 

 Մի շարք ընկերություններում (48%) նշել են, որ կցանկանային աշխատանքի ընդունել վերապատրաստված թվային մարքեթինգի մասնագետի, ով կբարձրացնի ընկերության գործունեության արդյունավետությունը թվային մարքեթինգի ոլորտում: Ամփոփելով Գյումրի քաղաքում իրականացված հետազոտությունը, կարող ենք եզրակացնել, որ թվային մարքեթինգի արդյունավետությունը Գյումրի քաղաքում խիստ բարելավման կարիք ունի: Այնուամենայնիվ, թվային մարքեթինգի դերին ծանոթանալուց հետո ընկերությունների գերակշիռ մասը բավականին մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ծրագրի նկատմամբ: ՈՒստի թվային մարքեթինգի մասնագետների նկատմամբ պահանջարկը աճում է նաև Գյումրիում:

 

Ցանկանում ես վերապատրաստվել որպես թվային մարքեթինգի մասնագետ Գյումրիում, շտապի՛ր գրանցվել մեր ծրագրին՝ https://goo.gl/U9hNnx

[1] https://www.mondo.com/